Արմինֆո. ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվել են ապօրինի հավաքներ կազմակերպելու և անցկացնելու համար: Այդ մասին մայիսի 15-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում դատախազության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ձերբակալումից հետո նրանք իրավունք են ունեցել զանգի միջոցով տեղեկացնել իրենց գտնվելու վայրի մասին: Այդ նույն նորմով սահմանված է մի առանձին բացառություն, որ անհրաժեշտության դեպքում վարույթ իրականացնող քննիչն իր վերադասի համաձայնությամբ այդ իրավունքը կարող է երկարաձգել 12 ժամով: Որքան ինձ հայտնի է, այդ նորմը պահպանվել է»,- հայտարարել է Դավթյանը:
Նա նաև հայտնել է, որ Ազգային ժողով միջնորդություն է ներկայացրել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, բայց այն վերաբերել է միայն Փաշինայնին: Դրանից հետո վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը գրավոր դիմել է նրան համապատասխան հիմնավորումներով՝ չնախաձեռնել խորհրդարանում այդ հարցի քննարկում: Ես նամակ եմ հղել ԱԺ նախագահին, որ այդ հարցը օրակարգից հանվի, իսկ պատգամավորները նույն օրը ազատ են արձակվել»,- հայտնել է գլխավոր դատախազը:
Հանձնաժողովի անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին նշել է, որ այդ որոշումն ընդունվել է՝ քաղաքական նկատառումներից ելնելով: «Դուք քաղաքական նկատառումներով եք նրանց ձերբակալել, և այժմ պարզվեց, որ քաղաքական նկատառումներով էլ ազատ եք արձակել: Այսինքն՝ վարչապետի պաշտոնակատարը դիմել է ձեզ, դուք էլ՝ Ազգային ժողովին: Սա քաղաքական գործընթաց է, ոչ մի իրավական հիմնավորում չկա: Ո՞վ է ձեզ հանձնարարել միջնորդություն ներկայացնեք ԱԺ»,- հարց է տվել Մարուքյանը:
Ի պատասխան՝ Արթուր Դավթյանն ասել է, որ ոչ մի քաղաքական նկատառում չի եղել. «Ինձ ոչ ոք ոչինչ չի հանձնարարել: Ես իրականացրել եմ իմ մասնագիտական գործունեությունը: Այստեղ հարցն իրավական է. եթե գործ ունենք քաղաքական մարմնի թույլտվությամբ անձեռնմխելիությունից զրկելու հետ, այդտեղ քաղաքական էլեմենտ կա: Իշխող քաղաքական ուժի փոխնախագահը միջնորդում է, որ այդ միջնորդությունը չքննարկվի, իսկ դա նշանակում է, որ այն մերժվելու է: Այդ դեպքում իմաստը ո՞րն է միջնորդությունը պնդելու»,-նշել է Դավթյանը: