Արմինֆո. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստացել է մոտ օրերս ուսումնասիրել ստոմատոլոգիական ծառայությունների հարկման մեխանիզմները, քննարկել դրանք մասնագետների և ՊԵԿ-ի հետ:
Facebook-ի իր էջում նա հայտնել է, որ մոտ օրերս սոցապ նախարարության հետ կքննարկվի նաև հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված խնդիրները:
«Այնուհետև տեղեկատվություն կտրամադրեմ հնարավոր փոփոխությունների և դրանց ժամկետների մասին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին դիմավորել են բողոքի ակցիայով. ստոմատոլոգները պահանջել են հարկերի նվազեցում: Ինչպես հայտնել է ակցիայի նախաձեռնող ստոմատոլոգ-վիրաբույժ Հովհաննես Գևորգյանը, ստոմատոլոգները պատրաստ են հարկեր վճարել, սակայն դրանք պետք է ադեկվատ լինեն և ստացած եկամուտին համարժեք: «Յուրաքանչյուր ստոմատոլոգիական աթոռի համար 80 հազար դրամը չափազանց բարձր է, և բացի դրանից, ստոմատոլոգները ստիպված են վճարել նաև եկամտահարկ»,- նշել է նա: