Արմինֆո. «Այսօր՝ մայիսի 1-ին, Ազգային ժողովում պատիվ ունեմ ներկայացնելու համազգային զարթոնքի առաջնորդ, «Ելք» ընդդիմադիր խմբակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանին»,- հայտարարել է «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Փաշինյանի թեկնածությանն աջակցել են խորհրդարանական երեք ուժեր, իսկ կառավարող ՀՀԿ-ն, առնվազն, հայտարարել է, որ չի խոչընդոտելու նրա ընտրությանը:
Ինչպես իր ելույթում նշել է Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարության հիմնական խնդիրն առաջին հերթին համաժողովրդական միասնության ապահովումն է լինելու: Երկրորդ՝
Նիկոլ Փաշինյանը նպատակ է հետապնդում ապահովել երկրի բնականոն գործունեությունը՝ սահմանների պաշտպանությունից, կայուն ֆինանսական համակարգի ապահովումից մինչև ընթացիկ խնդիրների լուծումը: Առաջնահերթ կլինի սոցիալ-տնտեսական պլանավորումը: Այնուհետև, ինչպես նշել է պատգամավորը, Փաշինյանը ձեռնամուխ կլինի ընտրական իրավունքի ոլորտում բարեփոխումներին: Ժամանակավոր կառավարության անկյունաքարը արտահերթ արդար խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը կլինի: «Կոչ եմ անում բոլորին վեր կանգնել նեղ խմբակային և անձնական շահերից: Օգնենք համատեղ ուժերով կառուցել նոր երկրի, և լավագույնս օգտվել այսօր մեզ ընձեռված պատմական հնարավորությունից»,- ասել է Արարատ Միրզոյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ