Արմինֆո.«Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը և շարունակելու եմ իմ տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից և ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել՚, - հայտարարել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը` կմեկնաբանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումն առ այն, որ Տոնոյանը պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Արարատ Միրզոյանի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես պրովոկացիա, Դավիթ Տոնոյանը նշել է, որ դա քաղաքական ուժի ներկայացուցչի կարծիքն է, որը ճիշտ չէ իր կողմից մեկնաբանել։ «Իմ դիրքորոշումը հստակ է՝ ես շարունակում եմ իմ ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում չի կայացրել այլ որոշում՚, - ասել է ԱԻ նախարարը:
Պատասխանելով վերը նշված քաղաքական ուժի հետ իր հանդիպմանը կամ քննարկումներին առնչվող հարցին` նախարարն ասել է. «Ստեղծված «արտակարգ քաղաքական իրավիճակում» իմ ամենօրյա և՛ հեռախոսային շփումները, և՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ կապված են բացարձակապես հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ՚:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությունից ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում կարծիք էր հայտնել, որ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է։ «Պրն Տոնոյանն իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։ Կարծում եմ՝ պրն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով։ Եվ, առհասարակ, ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել՚, - ընդգծել էր Արարատ Միրզոյանը: