Արմինֆո. «Քայլ արա՚ շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատմել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպման մանրամասները:
Պատասխանելով «ՌԲԿ՚-ի այն հարցերին` Փաշինյանը, մասնավորապես, հաղորդել է, որ հանդիպումը տեղի է ունեցել իր նախաձեռնությամբ, և դրա ընթացքում քննարկվել է Հայաստանում առկա իրավիճակը, մասնավորապես, թե` Ռուսաստանն ինչպես կարող է հասկանալ այդ իրավիճակը և ինչպես կարող է նպաստել իրավիճակի կարգավորմանը:
Անդրադառնալով այն դիտողությանը, թե արդյոք չկա մտավախություն, որ տևական քաղաքական ճգնաժամի դեպքում Ռուսաստանը կարող է դրսևորել իրենց նկատմամբ ոչ հարմար դիրքորոշում, հաշվի առնելով ուկրաինական փորձը, Փաշինյանն ասել է, որ չի ցանկանում հաշվի առնել ուկրաինական փորձը, քանի որ դա, ընդհանրապես, ուրիշ պատմություն է: Նա հստակ փաստել է, որ իր գլխավորած շարժումն ընդհանրապես որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այն Ռուսատանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Իրանի կամ Վրաստանի դեմ չէ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սա շարժում է ընդդեմ կոռուպցիայի, անարդյունավետ կառավարման և զուտ ներհայաստանյան շարժում է: «Կան որոշ սուբյեկտներ, որոնք ցանկանում են ներկայացնել, թե իրենք ինչ-որ բան են անում Մոսկվայի հետ համաձայնությամբ (խոսքը վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին), սակայն ես ուրախ եմ, որ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ասում են, որ մտադիր չեն միջամտել Հայաստանի ներքին գործընթացներին, առավել ևս, որ այստեղ ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա և, ընդհանրապես, չկա ոչ մի կաթիլ հակառուսական տրամադրություն՚, - հստակեցրել է պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ռուսական կողմի հետ քննարկվել է նաև Արցախը, թեև` ոչ այնքան մանրամասն: Նա հաղորդել է, որ ապրիլի 25-ի առավոտյան հանդիպել է նաև Հայաստանում ԵՄ երկրների դեսպանների հետ, իսկ ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո` ԱՄՆ դեսպանի հետ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ