Արմինֆո.Խաղաղ «թավշյա հեղափոխության» կապակցությամբ Հայաստանին և հայությանը կարելի է միայն շնորհավորել, քանի որ այն, թե ինչպես է երկրում տեղի ունենում իշխանափոխություն, որոշ իմաստով աննախադեպ է՝ հատկապես հետխորհրդային տարածությունում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հայաստանում զանգվածային խաղաղ ակցիաների արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանը վայր դրեց իր լիազորությունները: Ապրիլի 25-ին ձախողվեցին նաև վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Իշխանություններն ընդդիմության պահանջներն ուռճացված են համարել, իսկ շարժման առաջնորդները հայտարարում են, որ հեղափոխությունն ավարտված չէ, քանի դեռ ՀՀԿ-ն իշխանության ղեկին է: Բողոքի խաղաղ ակցիաները շարունակվում են արդեն երկու շաբաթ:
«Չեմ կարծում, որ այսօր ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հասարակության մեծ մասի այդքան մեծ աջակցությունն է վայելում: Պարզապես նա կարողացավ բավական արդյունավետորեն կազմակերպել և անձնավորել հարակության բողոքական վերաբերմունքը իշխանության հանդեպ՝ ուղղելով Սերժ Սարգսանի անձի դեմ: Փաշինյանը նույնիսկ չի գլխավորել, այլ՝ փոխարինել է ողջ ընդդիմությանը: Նա բավական հմուտ կերպով օգտագործեց Սարգսյանի դեմ բողոքը՝ որպես ողջ շարժման շարժիչ ուժ: Սակայն, խոսել այսօր հասարակության կողմից Փաշինյանին միանշանակ աջակցության մասին, սխալ կլիներ»,- ընդգծել է քաղաքագետը:
Ըստ որում, որպես վարչապետի առավել հավանական թեկնածուներ՝ Իսկանդարյանը նշել է Նիկոլ Փաշինյանին և Կարեն Կարապետյանին: Թե ինչով այս ամենը կավարտվի, այսօր վաղաժամ է խոսել, քանի որ քաղաքական նոր վերադասավորումներ դեռ չկան:
Նշելով, որ Սահմանադրության համաձայն, խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում կառավարության ղեկավարի հրաժարականից հետո 45 օր անց՝ քաղաքագետը շատ փոքր ժամկետ է համարել դա՝ հատկապես ընդդիմադիր լուրջ կուսակցությունների բացակայության պայմաններում, որոնք կկարողանան այդ ընտրություններին մասնակցել: «Նույն «Ելք» ընդդիմադիր դաշինքը գործնականում քանդված է, և միասնական տեսքով գոյություն չունի: Հետևաբար՝ արտահերթ ընտրություններին կմասնակցեն նոր մարդիկ և հին տեխնոկրատները, որոնց կթույլատրվի մասնակցել ընտրություններին՝ միայն այն բանի համար, որ ընդդիմադիրներն ապագա պաշտոնյաների անհրաժեշտ քանակություն չեն ունենա»,-ընդգծել է նա:
Քաղաքական լուրջ հենարան, ըստ Իսկանդարյանի, Նիկոլ Փաշինյանը չունի: Հետևաբար՝ մարդիկ, ովքեր իշպանությունում կհայտնվեն նրա շրջապատից, կներգրավվեն պատահականորեն: Այդպիսով, քաղաքագետի խոսքով, նրանց մասնագիտական կարողությունները կարող են բավական ցածր լինել:
Միաժամանակ Իսկանդարյանը չի բացառել ժամանակի ընթացքում հայ հասարակությունում միջընտրախավային մակարդակով պառակտումը՝ ժողովրդական բողոքների էական անձնավորման պատճառով: