Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատճառը գտնվում է Բաքվում: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Բաքվի արձագանքը Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատճառը գտնվում է Բաքվում: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի իրողությունները, և առանց պատրանքներ ակնկալելու ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Որքան շուտ, այնքան լավ», - ասել է Բալայանը:
Ավելի վաղ Բաքուն պատրաստակամություն էր հայտնել Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի նոր իշխանությունների հետ:
Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, խոսելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա դրանց ազդեցության մասին, մասնավորապես, ասել էր. «Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ռազմական ռեժիմի հեռանալուց հետո մենք հույս ունենք, որ Հայաստանում իշխանության կգան խելամիտ քաղաքական ուժեր: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցություններն Հայաստանի առողջ քաղաքական ուժերի հետ»: