Արմինֆո.Սոցիալական ներդրող, գործարար և մեկենաս, Aurora Prize մրցանակի հիմնադիր Ռուբեն Վարդանյանն ակնկալում է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը դրական փոփոխությունների հնարավորություն կտա: «Մեզ սպասում է շատ ծանր և տևական համատեղ աշխատանք, հետևաբար, անհրաժեշտ է միասնություն և փոխադարձ հարգանք՚, - հայտարարել է նա լրագրողներին Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում:
Նրա ասելով, շատ ուրախալի է այն ոգևորությունը, որն այժմ առկա է ժողովրդի շրջանում: Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որպեսզի չափազանց հուզականությունը չխանգարի հետագա իրադարձությունների ճիշտ զարգացմանը: Ռուբեն Վարդանյանն ակնկալում է, որ երկու կողմերն ամեն ինչ կանեն նոր Հայաստանի կայացման համար, իսկ նրա զարգացման ռազմավարությունը կդառնա բոլորի համար ընդհանուր ծրագիր, այն բանի հստակ ըմբռնմամբ, թե ինչ Հայաստան ենք մենք կառուցում:
Ինչպես կարծում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություն՚ (IDeA) հիմնադրամի հիմնադիրը, երկրի ներքաղաքական կյանքի փոփոխությունը մեծ հնարավորություն է ողջ հայ ժողովրդի համար: «Հուսով եմ, որ դա հնարավորությու կտա իրապես ինչ-որ փոխելու բան դեպի լավը` ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս, քանի որ Հայաստանն ու Սփյուռքը շաղկապված են միմյանց: Իմ կարծիքով, հայ ժողովուրդը մեծ ներուժ ունի, և վստահ եմ լուսավոր ապագային, եթե մենք հասկանանք, որ միասին պետք է շատ ծանր, տևական աշխատանք տանենք՚, - հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:
Ընդ որում, ինչպես նշել է Ռուբեն Վարդանյանը, Հայաստանում գործարար միջավայրի զարգացման և ներդրումների ներգրավման համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հասնել հավասար մրցակցային պայմանների հաստատման և օրենքի գերակայության: