Արմինֆո. Բաքուն պատրաստակամություն է հայտնել Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարել Հայաստանի նոր իշխանությունների հետ:
«Իշխանությունից Սերժ Սարգսյանի գլխավորած բռնապետական ռեժիմի հեռացումից հետո հուսով ենք, որ Հայաստանում իշխանության կգան ողջամիտ քաղաքական ուժեր»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով հարցը, թե Հայաստանում իշխանափոխությունն ինչպես կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Ըստ որում, նա մեղադրել է Սերժ Սարգսյանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ձգձգման մեջ: Հաջիևը հավաստիացրել է նաև, որ զորքերի շփման գծում ադրբեջանական զինուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման մասին հայկական կողմի հայտարարություններն իրականությունը չեն արտացոլուոմ և հիմնված են անցած տարվա տեղեկատվության վրա: «Մենք պատրաստ ենք շարունակել Հայաստանի առողջ քաղաքական ուժերի հետ բանակցությունները՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ և շուտափույթ կարգավորման նպատակով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն ներկայացրել էր առաջնային գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին տեսագրություն: