Արմինֆո. Հայաստանում դիտարկման գծով ԵԽԽՎ համազեկուցողները ողջունել են վարչապետ Սարգսյանի հրաժարական տալու որոշումը:
Համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիի և Յուլիա Լևոչկինայի հայտարարության համաձայն՝ իրենք ողջունում են վարչապետ Սարգսյանի հրաժարական տալու համարձակ որոշումը՝ երկրում լարվածությունը մեղմելու նպատակով:
Ըստ որում, նրանք քաղաքական բոլոր ուժերի միջև կառուցողական երկխոսության հույս են հայտնել՝ երկրի Սահմանադրության համաձայն ստեղծված իրավիճակի երկարաժամկետ լուծումը գտնելու համար:
Համազեկուցողները նաև կոչ են արել ազատ արձակել խաղաղ ցույցերի ժամանակ բոլոր ձերբակալվածներին և պահպանել խաղաղ հավաքների անցկացման քաղաքացիների իրավունքը:
Միաժամանակ նրանք մտահոգություն են հայտնել սոցիալական ցանցերում անհանդուրժողականության, ատելության քարոզի ու բռնության կոչերի չնվազման վերաբերյալ ՀՀ օմբուդսմենի հաղորդագրության առնչությամբ: