Արմինֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Հայաստանում բոլոր կողմերին զսպվածություն և կառուցողականություն դրսևորել, ինչպես նաև ապահովել կայունություն երկրում և Անդրկովկասում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նախօրեին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով Հայաստանում իրավիճակը և վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
«Հաշվի առնելով, որ մինչ այժմ իրադարձություններն ընդհանուր առմամբ զարգացել են խաղաղ սցենարով՝ գլխավոր քարտուղարը կոչ է անում ներգրավված կողմերին շարունակել զսպվածություն ցուցաբերել, խուսափել սադրիչ հռետորաբանությունից և բաց ու կառուցողական երկխոսություն վարել: Գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակել հարգել ժողովրդավարական իրավունքները և օրենքի գերակայությունը, ինչպես նաև պահպանել Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը»,- ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալի գրավոր դիմումում: