Արմինֆո.«Քայլ արա» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին Մոսկվայի արձագանքը:
Նա ընդգծել է, որ ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել է, որ քաղաքական շարժման, «թավշյա հեղափոխության» տակ որևէ աշխարհաքաղաքական համատեքստ չկա»: Միաժամանակ նա կարևոր է համարել, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, արձագանքելով Սերժ Սարգսյանի հրաժարականին ու թավշյա հեղափոխության հաղթանակին, ասել է, թե «Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»։ Փաշինյանը հույս է հայտնել, որ նման արձագանք կլինի նաև միջազգային հանրության այլ ներկայացուցիչների կողմից:
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Ժողովուրդը, որն ուժ ունի անգամ իր պատմության ամենադժվարին պահերին չմասնատվելու և պահպանելու հարգանք միմյանց նկատմամբ, չնայած տարաձայնություններին, հզոր ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»: