Արմինֆո. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ևս 11 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
Քրեական գործի նյութերի համաձայն` վերը նշված անձինք ակտիվորեն մասնակցել են 2018թ. ապրիլի 13-ից օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքներին, այդ թվում` երթերին, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ` տևական ժամանակով խախտելով դրանց բնականոն աշխատանքն ու վտանգելով հասարակական անվտանգությունը: Անօրինական հավաքի մասնակիցները պարբերաբար փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, խոչընդոտել պետական և այլ կառույցների բնականոն գործունեությանը, կազմակերպել զանգվածային անկարգություններ և մասնակցել դրանց` բռնություն կիրառելով ոստիկանության ծառայողների ու այլ անձանց նկատմամբ:
ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ցուցարարներից ևս 11-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կազմված քննչական խմբի քննիչների կողմից ձերբակալվել են վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով:
2018թ.-ի ապրիլի 23-ի դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձերբակալվել են անօրինական հավաքներ կազմակերպելու, անցկացնելու, ինչպես նաև զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու մեջ կասկածվող` ընդհանուր առմամբ 41 անձինք: