Արմինֆո.Ապրիլի 23-ին Բժշկական համալսարանի շենքի մոտ ոստիկանները ծեծի են ենթարկել համալսարանական հիվանդանոցի բժիշկ, Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի դասախոս Հայկ Հովհաննիսյանին:
Նրա ասելով, միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ ինքը ուսանողական դասադուլի ժամանակ նշել է, որ ոստիկանները 18-20 տարեկան աղջիկներին փորձել են բերման ենթարկել` մազերից քաշելով: Այն բանից հետո, երբ Հովհաննիսյանը փորձել է դրա համար ամոթանք տալ նրանց, իրավապահ ուժերն սկսել են նրան ծեծել: Տուժածի ասելով, այնպիսի զգացողություն էր, որ նրանք իրենց գործողություններից հաճույք էին ստանում: Հայկ Հովհաննիսյանը բազմամթիվ կոտրվածքներ և վնասվածքներ է ստացել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երևանի բուհերի, այդ թվում` բժշկական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և մասնակցկում են բողոքի ցույցերին` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ձերբակալության և Սերժ Սարգսյանի վարչապետության:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են բուժհաստատությունների աշխատակիցները, բժշկական կենտրոնների, ինչպես նաև մի շարք պետական կառույցների ղեկավարներ ոչ միայն իրենց աշխատակիցներին թույլ չեն տալիս մասնակցել բողոքի գործողություններին, այլև արգելել են պատուհաններից դուրս նայել, երբ շենքի մոտով անցնում են երթեր: Իսկ նրանց, ովքեր հանդգնեն խախտել այդ ցուցումը, սպառնում են ազատել աշխատանքից: