Արմինֆո.: Ինձ թվում է, որ թյուրըմբռնում կա մեր այսօրվա հանդիպման վերաբերյալ, հայտարարել է բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը` սկսելով հանդիպումը վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես նշել է Փաշինյանը, խոսքը վերաբերում է ոչ թե երկխոսությանը, այլ այն օրակարգին, որի շուրջ պետք է ընթանա այս հանդիպումը: «Ես այստեղ եկել եմ քննարկելու ձեր խաղաղ հեռացման պայմանները՚, - պարզաբանել է նա:
«Սա երկխոսություն և բանակցություն չէ: Սա վերջնագիր է և շանտաժ օրինական իշխանության և պետության հանդեպ: Ինձ թվում է, դուք չեք հասկանում պատասխանատվության աստիճանը և դասեր չեք քաղել մարտի 1-ից՚, - իր հերթին հայտարարել է Սերժ Սարգսյանը: «Եթե դուք շարունակեք նույն ոգով, ապա ես ստիպված կլինեմ ձեզ խորհուրդ տալ գալ օրինական դաշտ և մնալ տրամաբանության շրջանակում: Հակառակ դեպքում, ողջ պատասխանատվությունը և հետագա հետևանքները կընկնեն ձեզ վրա՚, - շարունակել է նա:
Փաշինյանը նշել է, որ իրավիճակը երկրում փոխվել է, և վարչապետը չի գիտակցում, թե հանրապետությունում ինչ իրավիճակ է ստեղծվել: «Այն այնպիսին չէ, ինչպես` 15-20 օր առաջ՚, - հայտարարել է նա:
Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական ընտրություններում 7-8 տոկոս ձայն հավաքած կուսակցությունն իրավունք չունի խոսել ժողովրդի անունից: «Պարոնայք լրագրողներ, ինքներդ հետևություններ արեք՚, - հայտարարել է Սերժ Սարգսյանը ԶԼՄ ներկայացուցիչներին և հեռացել:
Հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը կորցրել է համարժեքության զգացողությունը, Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքացիներին կոչ է արել կրկնապատկել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: