Արմինֆո. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է, «Լույս» հիմնադրամի շրջանավարտների բաց նամակին: Նա, մասնավորապես, նշել է. «Ծանոթանացել եմ մի խումբ շրջանավարտների կողմից ինձ ուղղված բաց նամակին և անհրաժեշտ եմ համարում, որ անմիջապես ինձնից լսեք այդ մտահոգությունների հակիրճ արձագանքը:
Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումները անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված:
Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ձեզ հետ քննարկելու զարգացման ուղղությամբ մեր քայլերը և ապագայի տեսլականը։ Հպարտ եմ, որ իմ լուման եմ ունեցել Ձեր մասնագիտական կայացման գործում: Հուսով եմ, որ աշխարհի լավագույն բուհերում ստացած ձեր կրթությունը ծառայեցնելու եք մեր երկրի կայուն, ապահով ու համերաշխ զարգացմանը: Ուրախալի է, որ ձեզանից շատերը այսօր արդեն գտնվելով պետական կառավարման համակարգում՝ իրենց ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են պետականաշինության մեր գործին։
Իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով. բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։
Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ: Այդ ամենամեծ գործում մենք ապավինելու ենք նաև «Լույսի» համայնքի ներուժին»,- ասել է վարչապետ Ս. Սարգսյանը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում «Լույս» հիմնադրամի շրջանավարտները նրան դիմել էին որպես «երկրի երրորդ նախագահի», հորդորելով նրան հեռանալ զբաղեցրած պաշտոնից, քանի որ լինելով երեք ժամկետ անընդմեջ լինելով իշխանության ղեկին լինելը վտանգում է երկրի ժողովրդավարական զարգացմանը: Նրանք իրենց համերաշխությունն են հայտնել բողոքի ցույցերին մասնակցող ուսանողներին, հորդորելով ղեկավարությանը չխոչընդոտել նրանց ազատ կամքի արտահայտությանը: «Հաշվի առնելով վերոգրյալը, կոչ ենք անում, չգնալ ձեր խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես`ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու Ձեր քայլից: Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում»: