Արմինֆո. ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը կոչ են անում իշխանությանը և ցուցարարներին երկխոսություն սկսել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:
«Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխություների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են:
Քաղաքացիական ակտիվությունը երկրի զարգացման եւ ժողովրդավարության կարեւորագույն գրավականն է: Սակայն առճակատման տանող դիմակայությունը փակուղի է եւ կարող է պառակտել համազգային մեր ներուժը։ Ամենքս ներկա գործընթացը արդյունավորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջեւ ենք: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի այնպիսին, որից կշահի թե Հայաստանի քաղաքացին, թե երկիրը:
Այս առումով անելիք ունեն առաջին հերթին իշխանությունները, քաղաքական ուժերն ու գործիչները: Ընդհանուր քաղաքական օրակարգ ձեւավորելու, պետականաշինության նոր փուլը բնականոն ընթացքի մեջ դնելու, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգը ամբողջացնելու, պետության եւ ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, մասնակցային ժողովրդավարություն ապահովելու պարտավորություն ունենք բոլորս:
Այս համոզումից ելնելով՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ որպես պետության գլուխ եւ սահմանադրության երաշխավոր, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ՝ առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու եւ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով»,-ասված է ՀՅԴ հայտարարության մեջ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ասվում է. «Երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերը, արդարության և վստահության ճգնաժամը՝ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների բուռն դժգոհության և ընդվզման ալիք են բարձրացրել: Մեկ բան հստակ է՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ քաղաքացու հանդեպ պետք է բացառել ուժի որևէ կիրառում: Բռնության ցանկացած դրսևորում կհանգեցնի այնպիսի անկանխատեսելի և վտանգավոր հետևանքների, որոնք անդառնալի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանը: Ստեղծված պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ: Լուծման ճանապարհ կարող է լինել երկխոսությունը: Կոչ ենք անում իշխանությանը և ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով սկսել երկխոսություն ՝ ստեղծված իրավիճակը հնարավորինս անցնցում հանգուցալուծելու համար»: «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարում է իր պատրաստակամությունը ինչպես նախաձեռնելու, այնպես էլ մասնակիցը լինելու քաղաքական և քաղաքացիական քննարկումների` հետագա դրամատիկ զարգացումներից խուսափելու նպատակով և կոչ է անում հրապարակայնորեն, ԶԼՄ-ների ներկայությամբ քննարկել բոլոր կողմերի առաջարկները և գտնել հանգուցալուծում` ի շահ մեր հայրենիքի և ժողովրդի: