Արմինֆո.13.30-ի դրությամբ Երևանի ոստիկանության բաժանմունքներ բերման է ենթարկվել 62 քաղաքացի, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Այսօր առավոտյան գործադուլ են հայտարարել «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները՝ իրենց համերաշխությունը հայտնելով բողոքի ակցիայի մասնակիցներին: Նրանք փակել են Սեբաստիա փողոցը, իսկ հետո երթով շարժվել դեպի մայրաքաղաքի կենտրոն:
Բողոքի ակցիայի են դուրս եկել նաև Էջմիածին, Արտաշատ և Արարատ քաղաքների բնակիչները՝ վանկարկելով «Մերժիր Սերժին»: Նրանց ենք միանում մերձակա բնակավայրերի բնակիչները: Այդ քաղաքների բնակիչներն ավտոերթով շարժվել են դեպի Երևան՝ աջակցելու բողոքական շարժմանը:
Ինչպես հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, ապրիլի 20-ին բերման ենթարկված բոլոր 233 քաղաքացիներն ազատ են արձակվել: Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ գերատեսչությունը, օրենքով սահմանված կարգով, կշարունակի բերման ենթարկել հասարակական կարգը խախտող անձանց: «Եթե օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- հայտարարել էր Ահարոնյանը: