Արմինֆո.Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի երգիչ Սերժ Թանկյանը չի գա Հայաստան: Այդ մասին նա հայտարարել է Facebook-ի իր էջում երիտասարդությանն ուղղված տեսաուղերձում:
Թանկյանը նշել է, որ շատ կցանկանար բողոքի ակցիայի մասնակիցների կողքին լինել, սակայն հիմա չի կարող անել դա՝ կարևոր պատճառներով: «Հուսով եմ, որ մոտ ժամանակներս կկարողանամ գալ»,- ընդգծել է երաժիշտը: Նա շնորհավորել է երկրի երիտասարդներին Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար: «Այս շարժումը լիովին ձերն է և պետք է մնա այդպիսին՝ զերծ մնալով քաղաքական ուժերի միջամտությունից: Ես ուզում եմ սեր տեսնել ձեր սրտերում և աչքերում»,- ասել է Սերժ Թանկյանը: Նա նշել է, որ երիտասարդությունը փոխել է բողոքի մշակույթը, իսկ դա ինքնին հեղափոխություն է: Երաժիշտը կոչ է արել հեռու մնալ «գունավոր հեղափոխության» տերմինաբանությունից, քանզի այն ընդհանրացվում է Արևելքի և արևմտյան դիվանագիտության հետ: «Մեր պայքարը Արևելքի կամ Արևմուտքի համար չէ, այլ՝ արդարության»,- ասել է Թանկյանը՝ կոչ անելով նաև հստակեցնել պահանջները: «Կարծում եմ, որ դուք պետք է պահանջեք, որ Սերժ Սարգսյանը հեռանա ոչ միայն վարչապետի պաշտոնից, այլ նաև Հանրապետական կուսակցության ղեկավար լինելուց»,- նշել է Թանկյանը: Նա նաև կոչ է արել հեռու մնալ սադրանքներից: