Արմինֆո. Առավոտյան 11:00-ին Երևանում, չնայած անձրևին, սկսվել է բողոքի երթը՝ ընդդեմ վարչապետ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը մեկնարկել է Նոր Նորքի 7-րդ զանգվածից: Ոստիկանությունը կրկին փորձել է փակել ակտիվիստների ճանապարհը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Փաշինյանի հետ զրույցում հավաստել է, որ վերջինս իր գործողություններով խախտում է ՀՀ քաղաքացիների իրավունքները, ովքեր չեն կարողանում ազատ տեղաշարժվել քաղաքում՝ ճանապարհների շրջափակման պատճառով:
Փաշինյանը նշել է, որ ոչ ոք իրավունք չունի սահմանափակել քաղաքացիների իրավունքները, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար: Այնուամենայնիվ, ոստիկանությունը վճռականորեն հայտարարել է, որ այսուհետ թույլ չի տա երթեր անցկացնել փողոցների երթևեկելի մասով: Փաշինյանն իր հերթին կոչ է արել ոստիկանությանը զբաղվել իր անմիջական պարտավորություններով և պարզել, թե ով է այսօր գիշեր ջարդել ընդդիմադիրների ավտոմեքենաները: «Այդ հանցագործներին բռնելու փոխարեն, դուք բերման եք ենթարկում խաղաղ ակտիվիստներին»,- հայտարարել է պատգամավորը: Օսիպյանը հավաստիացրել է, որ մեքենաների վնասման դեպքերի առնչությամբ արձանագրություններ են կազմվել:
Ի պատասխան ոստիկանության կոշտ գործողությունների՝ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին քաղաքի տարբեր հատվածներից հավաքվել Նոր Նորքի 6-րդ զանգվածի «Տիտան» խանութի մոտ:Նա նաև կոչ է արել փակել քաղաքի տարբեր հատվածներում փողոցները, որպեսզի ոստիկանությունը չկարողանա կենտրոնացնել իր ուժերը: «Ոստիկանությունը փոխել է իր մարտավարությունը, քանի որ գիտակցել է, որ խաղաղ հեղափոխության հաղթանակը շատ մոտ է, իսկ եթե իրենք համարձակվեն ձերբակալել ինձ, կոչ եմ անում քաղաքացիներին փակել փողոցները, ոստիկանության բաժինները և գալ ինձ ազատելու»,- հայտարարել է Փաշինյանը:
Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ակտիվիստներին, իրավիճակը սրվում է: