Արմինֆո.Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր ժամանում է Հայաստան` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում ընթացող բողոքի ակցիաների առնչությամբ: Այդ մասին հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մտահոգված է Երևանում ընթացող բողոքի ակցիաների առնչությամբ: Կաթողիկոսը, մասնավորապես, ընդգծել է, որ կաթողիկոսությունը չի կարող անտարբեր մնալ հայ ժողովրդին հուզող խնդիրների հանդեպ և զերծ մնալ Երևանի փողոցներում տեղի ունեցող իրադարձություններից: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է, որ ժողովուրդն իրավունք ունի քաղաքակիրթ ձևով արտահայտելու իր դժգոհությունը, և անթույլատրելի է, որպեսզի արյուն թափվի հայոց սրբազան հողում: Նա անթույլատրելի է համարել բախումները ոստիկանության և երիտասարդության միջև: «Անհրաժեշտ է, որպեսզի խնդիրները քննարկվեն, և դրանք լուծելու ուղիներ գտնվեն համատեղ ջանքերով: Սա է մեր ակնկալիքն իշխանություններից և ժողովրդի զավակներից՚, - հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը մեկնումից առաջ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հայաստանում կմնա մի քանի ժամ: