Արմինֆո. Հայաստանը չի փոխի Արցախի հարցում իր դիրքորոշումները։ Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, որ հաջորդ սերնդին ենք թողնում Արցախի չլուծված հարցը, և, հնարավոր է, նոր սրունդը նոր մոտեցումներով լուծի այն։
Վարչապետն ընդգծել է, որ հակված չէ մտածելու, որ այդ հարցի լուծումը թողնում ենք հաջորդ սերունդերին։ Նա չի բացառել, որ դա կարող է շահարկումների ևս մեկ առիթ հանդիսանալ, բայց այն, որ ինքն այսօր վարչապետ է, նույնպես, դրա հետ է կապված: «Բանակցային պրոցեսը պետք է շարունակվի: Մենք մեր դիրքորոշումները Արցախի հարցում չենք փոխելու: Ես մտահոգվում եմ, երբ դուք ասում եք՝ ուրիշ։ Հայաստանում կարող են գալ մարդիկ, ովքեր կհամաձայնե՞ն Արցախը հանձնել Ադրբեջանին: Ինձ համար դա անհասկանալի է: Եվ եթե խոսքը հաջորդ սերունդների մասին է, ապա ես կարող է գերեզմանում շուռ գամ՝ էդպիսի բան լսելով։ Երբ Ադրբեջանը հրաժարվի պատրանքներից, թե փոխզիջում նշանակում է միայն հայկական կողմերից զիջումներ և հասկանա, որ փոխզիջում նշանակում է զիջումներ թե հայկական, թե ադրբեջանական կողմերից, այդ ժամանակ խնդիրը կարող է լուծվել»,- ասել է վարչապետը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ հայկական կողմի կարևորագույն խնդիրը պետք է լինի երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքը։ Սարգսյանի համոզմամբ, դա կայունությունը պահպանելու ամենաիրական միջոցն է։ «Իհարկե, մենք պետք է զարգացնենք և խորացնենք համագործակցությունը դաշնակիցների հետ, բայց առաջնային գործոնը հայ զինվորը և սպաներն են»,-ասել է վարչապետը։