Արմինֆո. Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարծում է, որ Հայաստանում բողոքի ցույցերը բացասական ազդեցություն կունենան զբոսաշրջության վրա: Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սուրեն Կարայանը:
Կարայանի խոսքերով, կառավարության մեծ ջանքերի արդյունքում 2017 թ. արդյունքներով Հայաստանն ունեցավ դրական աճ: Երկրի տնտեսությունն աճել է 7.5%, իսկ տուրիզմի ոլորտը`18%: Հայաստանի 2018 թվականի առաջին երկու ամիսների տնտեսական ցուցանիշները նույնպես խրախուսելի են, և Տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումների համաձայն, հանրապետությունն առաջին եռամսյակը կեզրափակի բարձր ցուցանիշով: «Մենք հասանք նրան, որ շատ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ Հայաստանն անվանեցին անվտանգ երկիր զբոսաշրջիկների համար: Բայց այն, ինչ տեղի է ունենում փողոցներում վերջին օրերին, պարտադիր կերպով բացասական ազդեցություն կունենա տնտեսության և զբոսաշրջության ոլորտի ցուցանիշների վրա», - ասել է նախարարը:
Մասնավորապես, ինչպես նշել է Սուրեն Կարայանը, շատ երկրներ արդեն նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին, կոչ անելով նրանց ձեռնպահ մնալ Հայաստան այցելելուց, քանի որ դա կարող է վտանգել նրանց կյանքն ու առողջությունը: Արդեն շուրջ տասնյակ տուրօպերատորներ և մի քանի հյուրանոցներ հայտարարել են Հայաստան այցելելուց զբոսաշրջիկների հրաժարվելու մասին:
Ինչ վերաբերում է նոր կառավարության գործունեությանը, ապա, ինչպես վստահեցրել է Սուրեն Կարայանը, նոր կառավարությունը կշարունակի իրականացնել նախատեսված բոլոր ծրագրերը, առանց տատանվելու: «Մեր նպատակն է զարգացնել երկրի տնտեսությունն ավելի բարձր մակարդակի, քան համաշխարհային տնտեսությունը», - ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: