Արմինֆո. «Քայլ արա` մերժիր Սերժին՚ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ` վանկարկելով «Միացեք՚:
Ակցիայի մասնակիցների ձեռքներին Սերժ Սարգսյանի սև ժապավենով դիմանկարներ կան: Ընդդիմադիրները հասել են կառավարության երկրորդ մասնաշենքի մոտ, որտեղ կանգնած են ոստիկաններ, Նիկոլ Փաշինյանը դիմել է ոստիկաններին` կոչ անելով. «Մտիր շենք, մերժիր Սերժին՚: Այնուհետև Փաշինյանը դիմել է քաղաքացիներին. «Հարգելի քաղաքացիներ, այժմ ընթանում է Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարության առաջին նիստը: Մենք գնում ենք դեպի կառավարության շենք` մեր վերաբերմունքն արտահայտելու Սարգսյանի և նրա ձևավորած կառավարության հանդեպ: Ես մեր բոլոր քաղաքացիներին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ: Քայլ արա` մերժիր Սերժին՚, - կոչ է արել պատգամավորը:
Մոտենալով կառավարության շենքին` ընդհուպ ոստիկանական կարգախմբին, պատգամավորը դիմել է վարչապետին. «Սերժ Սարգսյան, Հայաստանի բնակիչները քեզ վստահության քվե չեն տալիս, նրանք քեզ արհամարհում են և ատում: Այսուհետև դու ոչինչ ես, այսուհետև Հայաստանում քաղաքական գործոն է ժողովուրդը, հետևաբար, դու կառավարության շենքում անելիք չունես: Քայլ արա` մերժիր Սերժին՚: Ցուցարարները սուլում են և վանկարկում. «Ամոթ՚: