Արմինֆո. «Քայլ արա, մերժիր Սերժին՚ նախաձեռնությունը շարունակում է երթերը Երևանի փողոցներով: Այսօր առավոտից նրանք շրջափակում են Հանրապետության հրապարակի կառավարական շենքերի մուտքերը: Այդ գործողությունները հանգեցրել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումների, տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել: Տուժել են լրագրողներ:
Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները տարբեր ուղղություններով երթեր են սկսել Երևանի փողոցներով: Նրանք դիմում էին վարորդներին` կոչ անելով. «Դեմ ես Սերժին` սիգնալ տուր՚: Վարորդներն անմիջապես արձագանքել են կոչին` չխնայելով «ազդանշանները՚:
Երթերի ընթացքում ժամանակ առ ժամանակ միջադեպեր են առաջացել, որոնք շուտով հարթվել են: ԵՊՀ ուսանողները երթի առջևից տարել են Սերժ Սարգսյանի պատկերը` սև ժապավենով: Միջադեպ է տեղի ունեցել նաև դատարանի շենքում. ակտիկվիստներից մեկը պատուհանից դուրս է նետել Սարգսյանի դիմանկարը:
Ակտիվիստների մի խումբ փակլել է Կոմիտաս փողոցը, մյուս խումբն Արշակունյաց պողոտայում է, իսկ երրորդը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքապետարանի մոտի մանկական զբոսայգում է: Հանրապետության հրապարակի մոտ են բերվել ոստիկանական մեծ ուժեր:
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր որ իրենք ցանցային ռազմավարություն են որդեգրել` ելնելով իրավիճակի զարգացումից: «Ես չեմ թաքցնում, որ մենք մշտապես փոխում ենք գործողությունների վայրը` կախված իրավապահ ուժերի տեղակայումից՚, - հայտարարել է նա:
Փաշինյանն իշխանություններին կոչ է արել հույս չունենալ, որ ժողովրդական շարժումը մարելու է: «Այս ամենը կդադարի միայն այն ժամանակ, երբ ոստիկաններն անցնեն ժողովրդի կողմը՚, - հայտարարել է նա` դիմելով իրավապահներին: