Արմինֆո.: Հայաստանի իշխանությունները մտահոգված են ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակման կապակցությամբ եվրոպական երկրների առաջնորդներից և ԱՄՆ ղեկավարությունից շնորհավորանքների բացակայությամբ:
Ինչպես հայտնել են իշխանական շրջանակներում ԱրմԻնֆո-ի աղբյուրները, ղեկավարող ընտրախավն այս փաստը կապում է Հայաստանում ընթացող ընդդիմության հանրահավաքների հետ՝ համարելով դա ակտիվիստներին Արևմուտքի աջակցության ցուցադրական դրսևորում: «Պարզունակ կլիներ երկրում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկել բացառապես ներքաղաքական լույսի ներքո: Այստեղ մեծ դեր են խաղում նաև աշխարհաքաղաքական գործոնները. պատահական չէ Ռուսաստանի հարևանությամբ գտնվող Հայաստանում իրավիճակի սրացումը՝ սիրիական ճգնաժամի խորացման լույսի ներքո: Բայց եթե ընդդիմադիր շարժումը մեծ թափ առնի, Ռուսաստանն անպայման կմիջամտի. վերջինիս պետք չէ անկայունության նոր օջախ՝ հատկապես դաշնակից երկրում»,- նշել է աղբյուրը:
Աղբյուրը խոստովանել է նաև, որ հանրահավաքների բազմամարդությունը որոշ չափով անսպասելի էր իշխանությունների համար: «Այսօր փակուղային իրավիճակ է ստեղծվել, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ չգիտի, թե ինչ է հետո անելու, որքան կարելի է ժողովրդի հետ շրջել փողոցներով: Մյուս կողմից՝ նա չի կարող հենց այնպես տուն ուղարկել մարդկանց»,- նշել է նա:
Աղբյուրը խոստովանել է նաև, որ իշխանությունը դժգոհ է ընդդիմադիր շարժմանը Սփյուռքի լայն աջակցությունից: