Արմինֆո. «Սինոփսիս Արմենիա» խոշորագույն ՏՏ ընկերության աշխատակիցները գրեթե ամբողջական կազմով միացել են «Քայլ արա՝ մերժիր Սերժին» բողոքի ակցիային:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ընկերության աղբյուրները, աշխատակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և, որպես բողոքի նշան, փակել Արշակունյաց պողոտան: Ժամանած ոստիկանները բացել են մայրաքաղաքի խոշորագույն ավտոմայրուղիներից մեկի երթևեկությունը:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները վաղ առավոտից երթ են անցկացնում Երևանի փողոցներում: Այժմ նրանք գտնվում են Իսակովի պողոտայում և շարժվում են Հանրապետության հրապարակի ուղղությամբ, որտեղ երեկոյան տեղի կունենա կառավարության առաջին նիստը՝ վարչապետ Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Վաղ առավոտից ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին: 12:00-ի դրությամբ բերման է ենթարկվել ավելի քան 30 մարդ: Ավելին, կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների և քաղաքացիների միջև ընդհարման ժամանակ ծեծի է ենթրակվել լրագրող: Վերջինս հոսպիտալացվել է: