Արմինֆո.«Քայլ արա՝ մերժիր Սերժին» բողոքի ակցիայի մասնակիցները շրջափակել են կառավարության 3-րդ շենքը: Ոստիկանության ուժերը սկսել է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Ինչպես Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիր Դանիել Իոանիսյանը, ոստիկաններն ուժ են գործադրել լրագրողի նկատմամբ:
Ոստիկանները շրջափակել են տարածքը: «Կարմիր բերետավորները» ուժով ցուցարարներին հեռացրել են շենքի մուտքից, կոտրել են երիտասարդ աղջկա քիթը:Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, նստում են գետնին: Առավել ակտիվ մասնակիցներին ոստիկանները ուժով բերման են ենթարկում: Որոշ տվյալներով՝ բերման է ենթարկվել 17 ակտիվիստ: Նախօրեին հանրահավաքի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 19-ին տեղի կունենա կառավարության առաջին նիստը՝ նոր վարչապետ Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Ընդդիմադիրը կոչ էր արել 8:00-ին հավաքվել կառավարության շենքի մոտ և խափանել կառավարության աշխատանքը՝ թույլ չտալով ոչ ոքի մուտք գործել շենք: Մինչդեռ, այսօր ոստիկանությունը հանդես է եկել հերթական նախազգուշացմամբ, որում, մասնավորապես, ասված է.«Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ: Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար»: