Արմինֆո. Այսօրվա մեր կյանքում ոչ ոք չի կարող փոխարինել իրական մարտիկին առաջնագծում: Այդ մասին ապրիլի 18-ին Մոսկվայից տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր գոյություն ունեն կիբեր զինվորներ, որոնցով կարելի է փոխարինել առաջնագծում զինծառայողներին:
«Այո, անհրաժեշտ է ներդնել ազդանշանային, սենսորային համակարգ, որոնք վերահսկում են, օրինակ, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցումների հնարավորությունը: Կան համապատասխան համակարգեր, մասնավորապես՝ փոքրածավալ ռադիոլոկացիոն համակարգեր, որոնք թույլ են տալիս ամբողջովին վերահսկել իրավիճակը և 15-20 կմ շառավղով ցանկացած տեղաշարժ»,- ասել է ռազմական փորձագետը: Ըստ որում, նա ընդգծել է, որ ամեն դեպքում վերջնական որոշումը կայացնում է մարդը, ով ղեկավարում է գործողությունը:
Միաժամանակ Կորոտչենկոն համոզված է, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների համար օգտակար կլիներ «Ռատնիկ» նորագույն հանդերձանքի օգտագործումը, երբ ստորաբաժանումները մարտի դաշտում կամ որևէ առաքելություն կատարելիս կարող են տեղեկատվություն փոխանակել արտաքին աշխարհի հետ, տեսնել մարտի դաշտում իրավիճակը էլեկտրոնային պլանշետների վրա: «Կարծում եմ, որ նման ինտելեկտուալ համակարգերի ներդրումը, որտեղ էլեկտրոնիկան օգնում է մարդուն վերջնական որոշում կայացնել և գնահատել իրավիճակը մարտի դաշտում, օգտակար կլինի: Նման համակարգերն ակտիվորեն ներդրվում են մեր զինված ուժերում, և կարծում եմ, որ դրանք պետք է զարգացնել Հայաստանի զինված ուժերում»,- ասել է Կորոտչենկոն:
Անդրադառնալով ՌԱՀ ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը՝ փորձագետը փաստել է, որ հայկական կողմը հզոր ներուժ ունի մաթեմատիկական մոդելավորման, համապատասխան ծրագրային ապահովման մշակման բնագավառում: Նրա խոսքով, Հայաստանը և Ռուսաստանը կարող էին հաջողությամբ փոխգործակցել այնպիսի բնագավառներում, ինչպես՝ ռադիոէլեկտրոնային պայքարը, ինչը կարևորագույն ուղղություններից մեկն է այսօր: