Արմինֆո. Ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն գտնում է, որ առկա իրողություններում Հայաստանն ունի ԶՈւ-ում ծառայության օպտիմալ համակարգը:
«Կարծում եմ, որ ներկա փուլում Հայաստանի համար վտանգավոր և անհեռատես է պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելը, քանի որ գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպես՝ մոբիլիզացիոն ռեսուրսը: Եթե վաղը հանկարծ մասշտաբային պատերազմ սկսվի, միայն պրոֆեսիոնալ բանակը չի կարողանա հաղթահարել այդ խնդիրները»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ, «Նացիոնալնայա օբորոնա՚ հանդեսի գլխավոր խմբագիր, «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոն՚ ՍՊԸ տնօրեն Իգոր Կորոտչենկոն ապրիլի 18-ին Մոսկվայից տեսակամրջի ընթացքում:
Ռազմական փորձագետն անդրադարձել է նաև այդ հարցի տնտեսական կողմին և
ընդգծել, որ պրոֆեսիոնակ /պայմանագրային/ բանակ պահելը շատ թանկ է, և նույնիսկ զարգացած եվրոպական երկրները, որոնք ավելի վաղ անցում են կատարել պայմանագրային հիմունքի, հրաժարվում են դրանից՝ վերադառնալով զինծառայության պարտադիր համակարգի:
«Դա բխում է ձեր երկրի ֆինանսատնտեսական հնարավորություններից և, անշուշտ, ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններից: Այսօր առնվազն երկու երկիր կարող ենք համարել Հայաստանի նկատմանբ ոչ բարեկամական տրամադրված: Եվ դա նույնպես փաստ է, որն անհրաժեշտ է հաշվի առնել: Անշուշտ, որ ոք պատերազմ չի ուզում, բայց ամեն դեպքում ոչ ոք չի կարող ասել, թե ինչ իրավիճակ հանկարծ կարող է ստեղծվել, երբ պատերազմի և խաղաղության հարց կբարձրանա, և արդյոք Հայաստանը կկարողանա ապահովել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Այդ պատճառով առայժմ Հայաստանում ամբողջովին պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելու մասին խոսել չենք կարող»,- ասել է փորձագետը: