Արմինֆո. Տարածաշրջան ռուսական ռազմական մատակարարուների հիմքում որևէ կողմի ուժի գերազանցությունը թույլ չտալու սկզբունքն է: Այդ մասին ապրիլի 18-ին Մոսկվայից տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով Թուրքիայից ռուսական սպառազինության Ադրբեջան հնարավոր վերաարտահանմանը:
Նրա խոսքով, դա պայմանավորված է այն բանով, որ երկիրը, որն ունի կամ իրեն թվում է, որ ունի վճռորոշ ռազմատեխնիկական գերազանցություն՝ մարտական տեխնիկայի պարկի առկայության տեսակետից, կարող է քաղաքական անադեկվատ որոշումներ կայացնել և մարտական գործողություններ սկսել: «Այդ պատճառով մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը պահպանվի, ինչը բացառում է լայնամասշտաբ պատերազմը»,-ասել է նա:
Միաժամանակ խոսելով Թուրքիային սպառազինությունների մատակարարումների մասին՝ Կորոտչենկոն ընդգծել է, որ թուրքական կողմն ստանում է սահմանափակ քանակությամբ С-400 զենիթահրթիռային համալիրներ: Նրա խոսքով, այդ համակարգերի վերաարտահանման մասին, այդ թվում՝ Ադրբեջան, խոսք անգամ չկա:
Խոսելով գնումների հետագա ուղղությունների մասին՝ նա նշել է, որ Ադրբեջանն, իրոք, լրջորեն քննարկում է Իսրայելի հետ պայմանագրերը, մասնավորապես՝ առաջադեմ տեխնոլոգիաների ստացման մասով, կապված, այսպես կոչված, բարաժող զինամթերքի ձեռքբերման հետ, ինչն օգտագործվել է ապրիլյան «քառօրյա» պատերազմի ժամանակ: Կորոտչենկոն հիշեցրել է, որ դրանք
միանգամյա օգտագործման հարվածային ԱԹՍ-ներ են: «Եվ նման հմակարգերը, անշուշտ, նոր մարտահրավերների առջև են կանգնեցնում թե Լեռնային Ղարաբաղի, թե Հայաստանի հակաօդային պաշտպանությանը»,- ասել է նա: Ըստ որում, փորձագետն ավելացրել է, որ ռուսական կողմը տնօրինում է համալիրների, որոնք կարող են դիմակայել այդ փոքր և քիչ նկատելի անօդաչու թռչող սարքերին. դրանք «Պանցիր- С1» համալիրներն են, որոնք բավական արդյունավետ կերպով պայքարում են նմանօրինակ թիրախների դեմ: «Կարծում եմ՝ ռուսական կողմից Հայաստանին տրամադրված վարկային գծերի շրջանակներում ձեր զինվորականները կարող են այս կամ այն գնումները կատարել՝ ելնելով Հայաստանի համար օդային տարածությունում վտանգի իրական գնահատումից»,- ասել է ռազմական փորձագետը: