Արմինֆո.«Քայլ արա, մերժիր Սերժին՚ նախաձեռնության անդամները մոտեցել են քաղաքապետարանի շենքին` կազմակերպելով նստացույց և պահանջելով հանդիպում քաղաքապետի հետ: Բողոքի ակցիայի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում ակցիայի մասնակիցներին կոչ է արել միանալ իրենց, քանի որ Ֆրանսիայի հրիապարակում գտնվում են սադրիչներ:
Չսպասելով Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը` երթի մասնակիցները մոտեցել են շենքը պահպանող ոստիկաններին, և Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ իրենց ակցիան բացառապես խաղաղ բնույթի է: «Սերժ Սարգսյանը փորձում է ադրբեջանականացնել Հայաստանը, քանի որ նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց հետո զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Չէ որ, ինչպես հայտնի է, Ադրբեջանում կա իշխանությունը ժառանգելու ավանդույթ, և Սերժ Սարգսյանը հույս ունի իշխանությունը հանձնել իր ընտանիքի անդամներից որևէ մեկին, ինչը նույնպես ադրբեջանական բարի ավանդույթ է: Սակայն մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և իշխանությունը պետք է հաշվի նստի մեր կարծիքի հետ: Ես ոստիկանության աշխատակիցներին կոչ եմ անում միանալ մեր ակցիային՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո ակցիայի մասնակիցները փակել են Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը, ինչի համար Փաշինյանը ներողություն է խնդրել վարորդներից: