Արմինֆո. Մինսկի կողմից Բաքվին «Պոլոնեզ՚ համալիրների մատակարարումը չի խախտի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական պարիտետը, թեև էապես կավելացնի Ադրբեջանի ԶՈՒ կրակային հնարավորությունները: Ապրիլի 18-ին Մոսկվայից տեսակամրջի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ, «Նացիոնալնայա օբորոնա՚ հանդեսի գլխավոր խմբագիր, «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոն՚ ՍՊԸ տնօրեն Իգոր Կորոտչենկոն` անդրադառնալով Բելառուսի կողմից «Պոլոնեզ՚ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) հնարավոր մատակարարումներին Ադրբեջան, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի հարաբերակցության վրա դրանց հնարավոր ազդեցությանը:
Նրա ասելով, խոսքը վերաբերում է Ադրբեջանին «Պոլոնեզնեիր՚ մատակարարման մեծ պայմանագրի կնքմանը: Այդ համակարգերը հնարավորություն են տալիս առավելագույնս կետային հարված հասցնել թիրախին: Ռուսաստանցի ռազմական փորձագետի ասելով, այդ համակարգերը Բաքվին հնարավորություն կտան հեռահար հրթիռային հարվածներ հասցնել հայկական դիրքերին` Ղարաբաղում մարտական գործողություների վերսկսման դեպքում: «Եվ եթե Բելառուսի նախագահը հավանություն տա մատակարարումներին, իսկ ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ, ապա դա նոր իրողություն կստեղծի Հայաստանի կողմից ռազմաքաղաքական ռազմավարական պարիտետի պահպանման հնարավոր միջոցների որոնման տեսանկյունից՚, - ասել է փորձագետը:
Այդ համատեքստում նա հատկապես ընդգծել է, որ Ռուսաստանը հավատարիմ է ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` քաղաքական եղանակներով: Ռուսաստանցի ռազմական փորձագետն ընդսմին նշել է, որ Արցախի պաշտպանական համակարգն այս տարիներին կառուցվել է այնպես, որ նույնիսկ ճակատային հարվածն Ադրբեջանին թույլ չի տա հասնել բլիցկրիգի: «Կլինեն կորուստներ, չեն լինի արագ ռազմական հաջողություններ՚, - ընդգծել է Կորոտչենկոն, հավելելով, որ, ամեն դեպքում, «Պոլոնեզների՚ մատակարարումները Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների կողմից ուշադիր վերլուծության առարկա կդառնան:
Ավելի վաղ «Կոմերսանտում՚ տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Մինսկի կողմից «Պոլոնեզ՚ համակարգերի մատակարարումները Բաքվին հնարավոր են արդեն այս տարի, և այդ մասին առաջին պայմանագիրը ենթադրում է տաս համալիրների մատակարարում: Նաև նշվում է, որ Մինսկի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզների՚ մատակարարումների մասին լուրեր են շրջում դեռ վաղուց` Ռուսաստանից Հայաստան «Իսկանդեր՚ համալիրների առաքումից հետո: