Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին: Պետդեպարտամենտի հաղորդագրությունում, որը հրապարակվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք՚ սոցիալական ցանցի պաշտոնական էջում, մասնավորապես ասված է. «Մենք նկատել ենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր:
Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետևում ենք Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին:
Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից», - ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում: