Արմինֆո.ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այս օրերին իշխանությունների դեմ զանգվածային բողոքի գործողություններ է անցկացնում, ըստ էության, տապալել է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանխելու իր սկզբնական օրակարգը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում փաստել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Ի սկզբանե` նա բողոքի գործողություններ էր անցկացնում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանխելու նպատակով, խոստացել էր քվեարկության օրը փակել ԱԺ բոլոր մատույցները` նիստը տապալելու նպատակով: Ինչպես արդեն նշել ենք, երեկ ԱԺ մատույցներն ազատ էին, մենք անարգել եկանք աշխատանքի, քվեարկությունը կայացավ, Սարգսյանն ընտրվեց, Փաշինյանն ու իր կողմնակիցներն այդ ընթացքում երթ էին անցկացնում քաղաքի այլ մասերում և չեկան ԱԺ շենքի մոտ` ինչպես ավելի վաղ մտադրվել էին՚, - նշել է Շարմազանովը, հարց տալով, թե ինչ նպատակ է հետապնդում Փաշինյանն այժմ` անցկացնելով բողոքի գործողություններ: «Անկեղծ ասած` ինձ համար անհասկանալի է նրա այսօրվա օրակարգը: Ի՞նչ նպատակ են հետապնդում նրա այսօրվա բողոքի գործողությունները, ի՞նչ է նա ուզում: Իշխանությունը Հայաստանում արդեն ձևավորվել է, և մինչև հերթական ընտրություններ իրավիճակը ոչ մի հանրահավաքով չի կարելի փոխել՚, - հավաստիացրել է փոխխոսննակը: