Արմինֆո. Երեկ Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սադրանքը հնդկական կինո է հիշեցնում, դրա սցենարիստը Սերժ Սարգսյանն էր, ռեժիսորը` Շմայսը (ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը): Այսօր Ֆրանսիայի հրապարակում այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Քայլ արա, մերժիր Սերժին՚ ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ ակցիայի կազմակերպիչներն ունեցել են համապատասխան տեղեկություններ, այդ պատճառով որոշել են երեկվա հանրահավաքն ավարել ժամը 22:00-ին: «Այն ամենն, ինչ տեղի է ունեցել դրանից հետո, մեզ հետ առնչություն չունի՚, - ընդգծել է Փաշինյանը, հավելելով, որ Ֆրանսիայի հրապարակում այսօրվա մարդաշատությունն ապացուցում է, որ ընտրված ռազմավարությունը ճիշտ է: Ակտիվիստները հաղորդել են, որ երեկվա սադրիչներին չեն ձերբակալել, մինչդեռ ոստիկանական բաժանմունքներում դեռ կան բերման ենթարկված ակտիվիստներ, որոնց ճակատագրով Փաշինյանն այսօր մտադիր է զբաղվել: Նա նաև հաղորդել է, որ գիշերն ակտիվիստների շրջանում բերման ենթարկվածներ չկան:
Փաշինյանը հայտարարել է, որ այսօր ժամը 19:00-ին հանրահավաք տեղի կունենա Հանրապեւթյան հրապարակում, իսկ մինչ այդ իրենք երթ են անցկացնելու Երևանի փողոցներով: Նա հաղորդել է, որ գործընթացն արդեն սկսվել է և անշրջելի է: «Ինձ հաղորդում են քաղաքացիական անհնազանդության նոր օջախների մասին, գործընթացը հասել է մինչև գյուղեր, այսօր առավոտյան ակտիվիստները շրջափակել են Բջնի գյուղական կենտրոնը՚, - հաղորդել է ընդդիմադիր գործիչը:
Հիշեցնենք, որ ժամը 23:00-24:00 սահմաններում, երբ ընդդիմության երթն արդեն ավարտվել էր, Թումանյան-Մաշտոց խաչմերուկում տեղի է ունեցել սադրանք. մի խումբ մարդիկ սկսել են կոտրել փողոցային սյուներն ու տեսախցիկները: Ոստիկանությունը բավականին ուշացել է, երիտասարդներն սկսել են քարեր նետել իրավապահների վրա, սակայն իրավապահներին, վերջապես, հաջողվել է նրանց տանել: -