Արմինֆո.Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար, սակայն ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը: Այս մասին Արմէնպրես պետական գործակալության հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով:
Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի և այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ:
Ազատ խոսքի և կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար: Միևնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը:
Մեր երկրի անվտանգությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն: Եվ, իհարկե, կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը և կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչև ոստիկան, թանկ է բոլորիս համար»,-եզրափակել է նախագահը:
Նշենք, որ ապրիլի 13-ին «Ելք» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ղեկավար Նիկոլ Փաշինյանն սկսեց բողոքի ակցիաներն ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության, նստացույց կազմակերպելով Ֆրանսիայի հրապարակում: Ապրիլի 16-ին ցուցարարները փակեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը: Նույն օրը ցուցարարների և ոստիկանների միջև Բաղրամյան պողոտայում տեղի ունեցան բախումներ: Արդյունքում, վեց ոստիկանների և բողոքի ակցիայի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև շուրջ չորս տասնյակ մասնակիցներ տեղափոխվեցին հիվանդանոցներ: Ապրիլի 17-ի երկրորդ կեսին Փաշինյանը կոչ արեց կաթվածահար անել պետական հաստատությունների աշխատանքը, արգելափակելով այդ պետական կառույցների շենքերը: