Արմինֆո.Այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որն անցել է կառավարման խորհրդարանական ձևի, ուր մեծ դեր է հատկացվում կառավարող կուսակցությանը, անընդունելի է ստվերային առաջնորդի առկայությունը` ի դեմս իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժի ղեկավարի: Այսօր ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Այնպիսի երկրում, ինչպես Հայաստանն է, անընդունելի է ունենալ ստվերային առաջնորդ` ի դեմս կառավարող կուսակցության ղեկավարի, որը դե-ֆակտո կառավարեր երկիրը, սակայն դե-յուրե ազատված լիներ ամեն պատասխանատվությունից, որն ընկնում է իշխանության ներկայացուցիչների ուսերին: Հենց այդ պատճառով ես որոշեցի համաձայնել հավակնել վարչապետի պաշտոնին՚, - հայտարարել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ ինքը բավականաչափ ռեսուրս և ազդեցություն ունի` ապահովելու կառավարող կուսակցության արդյունավետ աշխատանքը գործադիր և օրենսդիր իշխանությունում: «Ես ունեմ կառավարող կուսակցության բավականաչափ աջակցություն` երկրի հետագա զարգացումն ապահովելու համար՚, - հավաստիացրել է Սարգսյանը:
Այնուհետև նա բացատրել է սահմանադրական բարեփոխումների տրամաբանությունը, ընդգծելով, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցմամբ ապահովվել է հաշվեկշիռը իշխանության տարբեր թևերի լիազորությունների և պատասխանատվության միջև: Նրա ասելով, այժմ Հայաստանում տիրում է ներքաղաքական կայունություն:
Սերժ Սարգսյանը խոստացել է վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում իրագործել կառավարող ՀՀԿ և ՀՅԴ ծրագիրը որոշ սրբագրումներով` ելնելով առկա իրողություններից: Նրա ասելով, առաջվա նման գերակայությունը կտրվի երկրի անվտանգության, տնտեսական զարգացման, բանակաշինության ապահովմանը, ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Սարգսյանը հատուկ ուշադրություն է հատկացրել արտագաղթի խնդրին, հայտարարելով, որ այն արյունահոսող վերք է: «Կարող է գալ այնպիսի ժամանակ, որ սահմանները պաշտպանելու համար ոչ ոք չի լինի: Սակայն մենք կլուծենք բոլոր այդ խնդիրները՚, - հավաստիացրել է նա, ընդգծելով, որ բոլոր այդ հարցերը առավել մանրամասնորեն արտացոլված կլինեն նոր կառավարության ծրագրում, որն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: