Արմինֆո.Ընդդիմադիր «Ելք՚ դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանն ԱԺ ամբիոնից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջել է հրաժարվել կառավարական ամառանոցից, որը կառավարության որոշմամբ հանձնվել է նրան` որպես սեփականություն:
Ի պատասխան` վարչապետի պաշտոնի թեկնածու, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է ամառանոցային մեկ տանը, այլ ոչ թե ողջ համալիրին: «Այդ համալիրում է ողջ սարքավորումը, ձևավորված է անհրաժեշտ ենթակառուցվածք, և նոր ամառանոցում լրացուցիչ միջոցներ ներդնելու անհրաժեշտություն չկա՚, - ընդգծել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ ամառանոցային հնամալիրում բնակվում են ԱԺ նախագահը, կառավարության ներկայիս ղեկավարը, և այդ փաստին առնչվող ոչ մի խնդիր չկա:
Հիշեցնենք, որ Հրազդանի կիրճում գտնվող «կառավարական ամառանոցները՚ կառուցվել են դեռ խորհդրային ժամանակներում: Այնտեղ, սովորաբար, ապրել են հանրապետության ղեկավարները, որոնք պաշտոնավարման ավարտից հետո տեղափոխվել են բնակության այլ վայր: Եվ միայն Սերժ Սարգսյանի համար է բացառություն արվել: Կառավարության որոշմամբ, ամառանոցը, որտեղ նախագահության շրջանում բնակվել է Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ, նվիրվել է նրան որպես սեփականություն: