Արմինֆո.Հայաստանի նոր կառավարությունը կշարունակի նախորդ կառավարության քաղաքականությունը, որը նպատակաուղղված է բարեփոխումների իրագործմանը, երկարաժամկետ կայուն աճի ապահովմանն ու բնակչության բարեկեցության բարձրացմանը: Ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է վարչապետի թեկնածու, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա ասելով, կարևոր տեղ կհատկացվի այնպիսի ուղղությունների, ինչպես` թեթև և սննդի արդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, տնտեսության այլ ճյուղերը: Նա ընդգծել է, որ վիթխարի ներուժ ունի գյուղատնտեսությունը:
Սերժ Սարգսյանի ասելով, տնտեսության զարգացման գործում մեծ տեղ կհատկացվի միջազգային միավորումների և առանձին պետությունների հետ համագործակցության ամրապնդմանը: Մասնավորապես, Սարգսյանի ասելով, կշարունակվի փոխգործակցությունը ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, Իրանի, ԵՄ, ԱՄՆ հետ: Վարչապետի թեկնածուն նաև հիշեցրել է, որ հուլիսից կսկսեն կիրառվել ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի դրույթները, ինչը թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները:
Հայաստանի վարչապետի թեկնածուն նշել է, որ 2007 թվականից ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 2,1 ամգամ: Նրա ասելով, եթե 2007 թվականի սկզբին Հայաստանի ՀՆԱ-ն հավասար էր 2,3 տրլն դրամի, ապա 2018 թվականի հունվարի դրությամբ այդ ցուցանիշը ավելացել է մինչև 5,5 տրլն դրամ: Առևտրային բանկերում ֆիզիկական անձանց ավանդները նույն ժամանակահատվածում 143,6 մլրդ դրամից հասել են մինչև 1,5 տրլն դրամ: «Շուրջ 1 մլն մարդ ավանդներ ունեն երկրի առևտրային բանկերում՚, - ընդգծել է Սերժ Սարգսյանը` բերելով ավտոմեքենաների ներկրման վիճակագրությունը. եթե 2007 թվականին Հայաստանում գրանցված էր 333 հազար ավտոմեքենա, ապա հունվարին այդ ցուցանիշը ավելացել է մինչև 616 հազար միավոր: Միայն 2018 թվականին Հայաստան ներկրվող մեքենաների թիվն ավելացել է երեք անգամ, ինչը, Սերժ Սարգսյանի ասելով, ակնհայտ վկայությունն է այն բանի, որ ժողովրդի բարեկեցությունն աճել է: Ի դեպ, ինչպես նշել է վարչապետի թեկնածուն, առաջիկա տարիներին կառավարության գործունեության հիմնական ուղղությունները ֆիքսված կլինեն նոր ծրագրին, որը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: