Արմինֆո.«Հայաստանում հայտարարվում է ժողովրդավարական թավշյա հեղափոխության մեկնարկը»,-այս մասին հայտարարել է զանգվածային ցույցերի կազմակերպիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի, օդում սավառնում է հեղափոխության ոգին: Սակայն, հեղափոխություն կատարելու համար, Փաշինյանը կարծում է, որ անհրաժեշտ է իրականացնել «ցանցային պայքար»` արգելափակել պետական կառույցների նորմալ աշխատանքը, այդ թվում` պետական կառույցներում նստացույցեր անցկացնելու միջոցով:
Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակել է նախնական երթուղին`Աբովյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ գտնվում է ՀՀ կառավարության շենքը: Մինչդեռ, այս պահին Հայաստանի Ազգային ժողովում, չնայած ցուցարարների վաղաժամ սպառնալիքներին, տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում կանցկացվի վարչապետի ընտրությունը: «Գրանցվել է 91 պատգամավոր, քվորումն ապահովված է», - ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, բացելով օրենսդիր մարմնի նիստը: Վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է: Կառավարության ղեկավարը կընտրվի բաց քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ընտրվելու դեպքում երկրի նախագահն անմիջապես նշանակում է վարչապետի ընտրված թեկնածուին: Այդ նշանակումից հետո 15 օրվա ընթացքում ձևավորվում է կառավարությունը: