Արմինֆո. Ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։
Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։
Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովի մատույցներում ցուցարարների և իրավապահների միջև բախման ընթացքում ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ, ինչի հետևանքով տուժել են ինչպես ցուցարարներ, այնպես էլ երեք ոստիկան: