Արմինֆո. «Մենք ստացել ենք տեղեկություն, որ Հանրապետական կուսակցության և ՀՅԴ «Դաշնակցության» պատգամավորները, որպեսզի չուշանան Ազգային ժողովի նիստից, որտեղ քվեարկվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, մտադիր են գիշերել Ազգային ժողովում: Հիմա մեր պատգամավորները կգնան խորհրդարան և կճշտեն այս տեղեկությունը», - այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը կրկին կոչ է արել գիշերվանից արգելափակել բոլոր մոտեցումները դեպի Ազգային ժողովի շենք, ստեղծելով բարիկադներ` նստարաններից, աղբամաններից, պայուսակներից, քարերից, իսկ ապրիլի 17-ին, ժամը 11.00-ին գալ Ֆրանսիայի հրապարակ: Փաշինյանը նաև կոչ է արել վաղը կազմակերպել համազգային գործադուլ:
Նշենք, որ այսօր «Արա քայլ, մերժիր Սերժին» նախաձեռնությունը ոստիկանության կողմից ուժի կիրառումից հետո հայտարարությամբ դիմել են միջազգային հանրությանը: «Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում արդյունավետ միջոցներ ձեռնարկել և սթափեցնել Հայաստանի իշխանություններին, ստիպել նրանց հարգել ժողովրդավարության կանոնները և մարդու իրավունքները, հանդես գալ հայ ժողովրդի ու հանրահավաքներ անցկացնելու նրա իրավունքների նկատմամբ համերաշխության հայտարարությամբ, հետևել տեղի ունեցող իրադարձություններին և Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման գործընթացին, դատապարտելով խաղաղ ցուցարարների դեմ բռնությունները և ոտնձգությունները», - ասված է հայտարարության մեջ: