Արմինֆո. «Ողջ աշխարհի հայերը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիները մշտապես դրամական միջոցներ են փոխանցում մեր հաշիվներին՚, - լրագրողներին հաղորդել է «Քայլ արա, մերժիր Սերժին՚ շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարել է, որ ժամանակն է ժողովրդին ազատելու գերությունից: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի վախենում, որ իրեն կձերբակալեն, Փաշինյանը դա համարել է անհնար: «Ինչպե՞ս կարող են ինձ ձերբակալել: Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ժողովուրդը չցանկանա իշխանափոխություն, իսկ ժողովուրդը դա ցանկանում է, բոլոր այն կանխատեսումները, թե ժողովուրդը փողոց դուրս չի գա, չարդարացան՚, - նշել է նա:
Անդրադառնալով ճանապարհը փակած ակտիվիստներից մեկին վարորդի կողմից ծեծելու միջադեպին` Փաշինյանը հաղորդել է, որ վարորդի անձը պարզվել է. նա «իշխանության մարդն՚ է: Ընդ որում, Փաշինյանը խոստացել է ըստ ամենայնի աջակցել տուժած ակտիվիստին, այդ թվում` ֆինանսապես:
Երթի մասնակիցները շարժվում են Երևանի կենտրոնական փողոցներով: Երբ նրանք հասել են Ճարտարագիտական համալսարանի քոլեջի մոտ, ուսանողները բացել են դռները և նրանց ներս են թողել: Այնուհետև երթի մասնակիցները շարժվել են դեպի Երևանի մանկարավարժական ինստիտուտ, ներս են մտել և ուսանողներին կոչ արել միանալ գորոծղությանը: Փաշինյանը իր կողմնակիցներին հորդորել է շատ զգույշ լինել և ոչինչ չվնասել:
Հավելենք, որ ակցիաներն սկսվել են առավոտյան ժամը 8-ին, երբ Փաշինյանը պառկել է Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում` թիվ 47 ավտոբուսի առջև: Այնուհետև փակվել են կենտրոնական փողոցները, խոշոր խաչմերուկներն ու մայրաքաղաքի կամուրջները: Ակցիաներին մասնակցում է, գործնականում, ողջ ուսանողությունը, հանրապետության ուսումնական հաստատությունները և հասարակական տրանսպորտը չեն աշխատում:
Այդուհանդերձ, ԱրմԻնֆո-ի տվյալներով, իշխանությունն առայժմ մտադիր չէ դիմել որևէ գործողության: Ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարել է ՀՀԿ խորհրդի նիստում, անհրաժեշտ է սպասել «առաջին սաբոտաժին և սադրանքին, իսկ այնուհետև սկսել որոշակի գործողություններ՚: Իսկ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իր գործողությունները կլինեն ոչ բռնի: