Արմինֆո. Սիրիայում ամերիկյան բանակի գործողություններից է կախված ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունները, սակայն Վաշինգտոնում այդ իրավիճակի հետ կապված վերջնական որոշում դեռ չկա: Այդ մասին ապրիլի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ որում, նա կանխատեսել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում էսկալացիան կմեծանա: Փորձագետի խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ավելի է բորբոքում իրավիճակը՝ «Թվիթերյան քաղաքականության» միջոցով:
Փորձագետը նշել է, որ երկու երկրները գտնվում են այնպիսի դրության մեջ, երբ նահանջի ուղիներ այլևս չկան, ողջ հարցը կայանում է այն բանում, թե որքան լայնամասշտաբ կլինեն նրանց գործողությունները: «Վաշինգտոնն արդեն բազմիցս հայտարարել է, որ հարված կհասցնի Սիրիային, այնպես որ՝ եթե Թրամփը հանկարծ մտափոխվի, դա ուժեղ հարված կլինի նրա հեղինակությանը: Վլադիմիր Պուտին իր հերթին հայտարարել է, որ եթե այդ գործողության ընթացքում ռուս զինվորականներ տուժեն, Մոսկվան կպատասխանի Վաշինգտոնին: Այդպիսով՝ ակնհայտ է, որ մենք մոտենում ենք կուլմինացիային, ամեն բան կախված է միայն այն բանից, թե ինչպիսին կլինի ԱՄՆ հարվածը»,- հայտարարել է Սաֆրաստյանը:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ավելի կշռադատված և զգուշավոր քաղաքականություն է իրականացնում, և, հնարավոր է, որ այդպիսով վերջինիս հաջողվի թուլացնել կրքերի բորբոքումը և իրավիճակը չհասցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Բացի այդ, փորձագետի խոսքով, այսօր տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որում կքննարկվի Սիրիայի շուրջ իրավիճակը, ինչը նույնպես դրական գործոն է: Սաֆրաստյանը նշել է, որ ևս մեկ դրական գործոն է այն, որ ռուս և ամերիկացի զինվորականների միջև կապ է պահպանվում: «Թվարկված գործոնները վկայում են, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում հնարավոր է ջերմացում»,- ընդգծել է քաղաքագետը:
Սաֆրաստյանն ընդգծել է այն փաստը, որ այս անգամ Նահանգներին չի հաջողվել ստանալ այն աջակցությունը, որն ուներ Լիբիայում և Իրաքում ռազմական գործողությունների ժամանակ: «Այս անգամ Գերմանիան և Իտալիան հայտարարել են, որ չեն միջամտի սիրիական հակամարտությանը, ինչը, անշուշտ, մեծ մինուս է Ամերիկայի համար»,- նշել է փորձագետը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը ներկայումս շատ ավելի կոշտ քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ, քան՝ 2013 թվականին:
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ նա քիչ հավանական է համարել դրանց հետագա զարգացումը: «Ընտրվելուց հետո իր առաջին այցը կատարելով Թուրքիա՝ Պուտինը ցանկացավ ընդգծել Անկարայի կարևորությունը Ռուսաստանի համար: Չնայած դրան՝ Անկարան շատ հարցերում շարունակում է հակառակ գնալ Ռուասստանին, ինչը, վերջիվերջո, կարող է երկու երկրների միջև նոր սրացման հանգեցնել»,- նշել է փորձագետը: