Արմինֆո.Բաքվում կասկածում են ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ դիտորդների պատրաստած նախնական հաշվետվության արդարությանն ու օբյեկտիվությանը:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները հրավիրվել են երկրի արտգործնախարարություն, որտեղ նրանց այդ հարցի հետ կապված վճռական բողոք է հայտնվել: «Նախնական հաշվետվությունում ընտրությունների նկատմամբ դիտորդության մեթոդաբանական և տեխնիկական մոտեցման հարցում գերակշռում են սուբյեկտիվ հայտարարությունները և կանխակալ քաղաքական հայացքները: Հայտարարությունները, թե ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակված քաղաքական միջավայրում, անհիմն են: Նախընտրական գործընթացում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ գրանցված քաղաքացիների ազատ կարգով ակտիվ ընտրարշավ անցկացնելու համար»,- ասել է Հաջիևը: Ըստ որում նա համոզմունք է հայտնել, որ քվեարկության գործընթացն անցել է թեկնածուների և ընտրողների նկատմամբ անկողմնակալ վերաբերմունքի, բարձր ակտիվության պայմաններում և ընդհանուր առմամբ օրենսդրության պահանջներին համապատասխան: «Քվեարկության օրն ինչ-որ ընթացակարգեր չպահպանելու, թափանցիկության բացակայության և այլ թերությունների մասին անհիմն հայտարարությունները չեն դիմանում քննադատությանը: Մենք պահանջում ենք ներկայացնել փաստեր, եթե այդպիսիք կան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մոտ: Դիտորդական առաքելության կողմից նման դիրքորոշումն ամենից առաջ անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր ադրբեջանցի ընտրողների ազատ կամարտահայտման նկատմամբ»,- ասել է Հաջիևը:
Հատկանշական է, որ նախքան դիտորդների՝ Ադրբեջանի ԱԳՆ կանչվելը, խափանվել էր ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ նրանց մամուլի ասուլիսը: Երբ եվրոպացի դիտորդները մամուլի ասուլիսի ժամանակ փորձել են ընթերցել իրենց զեկույցը, «ադրբեջանցի երիտասարդ դիվանագետների» խումբը հարձակվել է առաքելության ներկայացուցիչների վրա «Հայաստանի գործակալներ» անվանելով նրանց: Եվրոպացի դիտորդները, որպես բողոքի նշան, ընդհատել են ասուլիսը և լքել դահլիճը: Եվրոպացի դիտորդները հաշվետվությունը ներկայացնելիս ընդգծել են, որ ընտրութունների ընթացքում խախտվել են քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընտրական գործընթացներն անցել են ոչ ժողովրդավարական մթնոլորտում, ինչը բացառում է քաղաքական բազմակարծությունը և խոսքի ազատությունը: