Արմինֆո. Ադրբեջանի նախագահական ընտրություններին հետևող ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության ամփոփիչ մամուլի ասուլիսը նշանավորվել է սկանդալով:
Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունը չափազանց բացասական գնահատական է տվել Ադրբեջանի նախագահական ընտրություններին` դրանք որակելով ոչ ժողովրդավարական և ոչ ազատ: Երբ եվրոպացի դիտորդները մամուլի ասուլիսում փորձել են ընթերցել զեկույցը, մի խումբ «ադրբեջանցի երիտասարդ դիվանագետներ՚ հարձակվել են դիտորդական առաքելության ներկայացուցիչների վրա` հնչեցնելով վիրավորական արտահայտություններ և նրանց անվանելով «Հայաստանի գործակալներ՚: Ի նշան բողոքի` եվրոպացի դիտորդները դադարեցրել են մամուլի ասուլիսը և հեռացել դահլիճից:
Հավելենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած վաղաժամկետ նախագահական ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիևը: Ընդդիմությունն, ի նշան բողոքի, ընտրություններին չի մասնակցել: Ալիևն ընտրվել է չորրորդ անգամ անընդմեջ, այս անգամ` 7 տարի ժամկետով:
Եվրոպացի դիտորդները նշել են, որ ընտրությունների ընթացքում խախտվել են քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, դրանք ընթացել են ոչ ժողովրդավարական մթնոլորտում, որը բացառում է քաղաքական բազմակարծությունն ու խոսքի ազատությունը: