Արմինֆո. Ավելի քան 200 բեռնատարների վարորդներ ի նշան բողոքի փակել են Երևան-Գյումրի ճանապարհը: Նրանց դժգոհության պատճառը կառավարության որոշումն է, որի համաձայն, գերբեռնված բեռնատարների վարորդները ենթարկվում են տուգանքի` սկսած 500 հազար դրամից և ավելի: Մինչդեռ, ակցիայի մասնակիցներն աշխատում են Ուջանի քարահատարանում, և նրանց մեքենաները հաճախ գերբեռնված են լինում, ինչի արդյունքում նրանք բոլորը ենթարկվել են 1 մլն և ավելի դրամ տուգանքի:
Երևանից վարորդների հետ հանդիպման է գնացել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Անդրեյ Սիմոնյանը, սակայն դա վարորդներին չի հանգստացրել: Նրանք հայտարարել են, որ իշխանությունները նման քայլերով իրենց ստիպում են ապաստան որոնել Թուրքիայում, սակայն դա նրանց չի հաջողվի: «Օրենքները գործում են միայն շարքային մարդկանց համար, իսկ կառավարող ՀՀԿ ներկայացուցիչներն անպատիժ դրանք խախտում են: Կամ թողեք հանգիստ ապրենք, կամ թող երկրի ղեկավարությունը հեռանա՚, - հայտարարել են վարորդները` սպառնալով երթով հասնել նախագահի նստավայր, եթե տուգանքները և համապատասխան օրենքը չչեղարկվեն:
Փոխարտգործնախարարի պաշտոնակատարը խոստացել է կասեցնել օրենքի գործողությունը, մինչև որ խնդիրը լուծվի: Նա նաև խոստացել է չեղարկել տուգանքները` եթե հնարավոր լինի: Սիմոնյանը վարորդներին առաջարկել է գրավոր ձևակերպել իրենց պահանջները և գալ կառավարություն` ստեղծված իրավիճակն առավել հանգամանալից քննարկելու համար: «Ես ժողովրդի հետ եմ՚, - հավաստիացրել է փոխնախարարի պաշտոնակատարը:
Վարորդները ժամանակավորապես բացել են մայրուղին, խոստանալով կրկնել ակցիան և հանրահավաք անցկացնել Երևանում, եթե հարցը լուծում չստանա: «Սա ժողովրդի առաջին հաղթանակն է՚, - նշել են վարորդները: