Արմինֆո. Հայաստանի բուժկենտրոնները կարող են սեփական կարիքների համար ինքնուրույն դեղորայք ներկրելու իրավունք ստանալ: «Դեղերի մասին՚ օրենքում փոփոխությունները հավանության են արժանացել ապրիլի 12-ի ԱԺ նիստում:
Փաստաթղթի համահեղինակներից մեկի` ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ասելով, այժմ դեղորայք ներմուծելու իրավունքը պատկանում է խոշոր մեծածախ ընկերություններին. 150 ներմուծող ընկերություններից 5-ին բաժին է ընկնում բոլոր մատակարարումների 75 տոկոսը, ինչը, Հակոբ Հակոբյանի ասելով, չի կարող ողջունվել: Այդ առնչությամբ առաջարակվում է փոքր-ինչ ընդլայնել դեղագործության դաշտը: Մասնավորապես, առաջարկվում է հիվանդանոցներին իրավունք ընձեռել դեղեր ներկրելու առանց մեծածախ առևտրի լիցենզիայի` հիվանդանոցի դեղատնային գործունեության լիցենզիայի առկայության դեպքում: Բացի այդ, առաջարկվում է ֆիզիկական անձանց թույլ տալ արտասահմանից դեղեր ներկրել ոչ միայն սեփական, այլև ընտանիքի անդամների կարիքների համար:
Հարկ է նշել, որ Կառավարությունը, որի ներկայացուցիչը չի ցանկացել գործադիրի դիրքորոշումը հայտնել ԱԺ նիստում, բացասական եզրակացություն է տվել ներկայացված օրինագծի վերաբերյալ: