Արմինֆո. Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների բարելավում կարճաժամկետ հեռանկարում սպասել պետք չէ, այդ հարաբերություններում միանգամայն նոր փուլ է սկսվել, և հարաբերությունների կարգավորման տարբերաներ գործնականում չկան: Այդ մասին ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը հայտարարել է, որ Ռուսաստանն այժմ բավականին բարդ քաղաքական-տնտեսական իրավիճակում է հայտնվել: Փորձագետի խոսքով, ամերիկյան պատժամիջոցները բավական ուժեղ ազդեցություն են ունեցել Ռուաստանի տնտեսական վիճակի վրա, որը կշարունակի վատթարանալ:
Իսկանդարյանը հայտարարել է, որ Դումայում քիմիական զենքի օգտագործումն ընդամենն առիթ էր ամերիկացիների համար իրավիճակն ավելի շատ սրելու համար: Ըստ որում, նա ընդգծել է, որ Սիրիայում իրավիճակի արմատական փոփոխման համար կպահանջվի լայնամասշտաբ պատերազմ, ինչպես Իրաքում տեղի ունեցավ: Սակայն, փորձագետի կարծիքով, դա քիչ հավանական է:
Քաղաքագետի խոսքով, տվյալ պահին Ռուսաստանի և Իրանի օգնությամբ նախագահ Ասադին հաջողվել է զգալի հաջողությունների հասնել, և նա վերահսկում է սիրիական տարածքների մեծ մասը: «Ներկայումս Սիրիայում
արդեն չի մնացել այն ընդդիմությունը, որն իրապես կարող էր դիմակայել Ասադին: Հիմա նախագահը խնդիրներ ունի միայն քրդաբնակ տարածքների հետ, որոնք ինքնավարություն են ուզում, և Սիրիայի այն հատվածի, որտեղ հիմնավորվել է թուրքական բանակը: Ուժերի հավասարակշռության արմատական փոփոխության համար սովորական ռմբակոծությունները, որոնք մտադիր է կազմակերպել ԱՄՆ-ը, բավարար չեն»,- ընդգծել է Իսկանդարյանը:
«Սակայն, իրավիճակն անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն տեսանկյունից. դա սիրական խնդիր չէ, այլ՝ երկու գերտերությունների շահերի բախման հարց, և ամենավատն այն է, որ հարաբերությունների ջերմացում երկարաժամկետ հեռանկարում սպասել պետք չէ»,-ընդգծել է փորձագետը:
Ըստ որում, նա կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Հայաստանի վրա հազիվ թե ազդի: «Հայաստանն այն երկիրն է, որին միշտ հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Արևմուտքի հետ: Մենք արդեն սովորել ենք գոյություն ունենալ բավական բարդ իրավիճակներում: Օրինակ՝ մենք այն երկրներից մեկն ենք, որը սերտորեն համագործակցում է ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ՝ միաժամանակ չփչացնելով Վաշինգտոնի հետ հարաբերությունները: Բացի այդ, Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերութունների վատթարացման ընթացքում մենք կարողացել ենք փոխգործակցել երկու երկրների հետ: Կարծում եմ՝ այս ողջ իրավիճակը նվազագույնս կանդրադառնա Հայաստանի վրա»,-ընդգծել է քաղաքագետը: